Քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ էին մարզպետների ընտրության հարցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների նշանակումների ուշացման հարցին:

Դիտարկմանը, որ այդ մարզերի բնակիչների մեծ մասը դեմ է ներկայացված թեկնածություններին, Պապիկյանն արձագանքեց. «Ինչ ասել ՝ մեծ մասը դեմ է: Մարզի ղեկավարի ընտրության հարցը Սահմանադրությամբ ներկայացված ՝ վարչապետը ներկայացնում է, կառավարությունը հաստատում է: Այս դեպքում ունենք քաաղաքական համաձայնություն, ԲՀԿ քվոտայով ներկայացված մարզպետ: ԲՀԿ-ի կողմից ներկայացված թեկնածուների մասին ենք խոսում, եթե հարցեր ունեք, պետք է ԲՀԿ-ին դիմեք, թե ինչու է այդպես ստացվել:

Ես իմ մասով կարող եմ ասել, որ ոչ մի մարզպետ չի կարող օրենքը շրջանցել եւ պատասխան չտալ օրենքի առջեւ՝ անկախ իր անցյալից եւ քաղաքական գործունեությունից»:

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված է Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների ընտրության հարցը: Մասնավորապես, Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը: