Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մամուլի ներկայությամբ այրել է հսկա կարմիր վարտիքը: Ակցիան անցկացվել է Պրահյան Գրադում՝ պետության ղեկավարի տան կողքին գտնվող այգում, հայտնում է տեղական Novink պարբերականը:
Ինչպես հայտնում է չեխական մամուլը, դա այն նույն անչափս «վարտիքն» էր, որը 2015-ի աշնանը չեխական Ztohoven արթ խումբը կախել էր Զեմանի նստավայրի վրա՝ դրանով փոխարինելով պետական դրոշը ի նշան գործող չեխ առաջնորդի դեմ բողոքի:
Զեմանը մեկնաբանելով իր նախաձեռնած միջոցառումը՝ «հոգեկաններ» է անվանել ակտիվիստներին, որոնք, նրա խոսքով, «վազում են՝ թափահարելով կարմիր վարտիքներ»: Նա նշել է, որ վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնցում նա հաղթել էր, նման քայլերն այլեւս անիմաստ են:
Ztohoven խմբի անդամներին 3 տարի առաջ վարտիքներով փերֆոմանսի համար 2 տարվա բանտարկության քրեական պատիժ էր սպառնում, սակայն Պրահայի դատարանը նրանց անմեղ էր ճանաչել՝ վկայակոչելով այն, որ նրանք իրենց գործողություններով նյութական շահ չեն ստացել:
Այդ ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ztohoven խմբի ներկայացուցիչ Պետր Ժիլկան պարզաբանելով արարքի իմաստը՝ ասել էր, որ կարմիր գույնը խորհրդանշում է Չինաստանի դրոշը, «որի հետ Զեմանը բարեկամություն է անում», եւ «կոմունիստական ռեժիմի» ներկայացուցիչներին, որոնք, Ժիլկայի կարծիքով, շրջապատում են Չեխիայի նախագահին:











