Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության ժամանակ թեկնածուների շրջանակը Վճռաբեկ դատարանում գործող դատավորների քանակն է: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

Նրա խոսքով, նախկին դատական օրենսգրքով Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները համարվում էին Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուներ այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ դատավորի կողմից իր թեկնածությունը չքննարկելու կամ չքվեարկելու վերաբերյալ դիրքորոշում չէր արտահայտվել. «Սակայն այսօր գործող դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նման բացառություն նախատեսված չէ եւ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներն ընդգրկվում են այդ ցուցակում:

Սրանով է երեւի պայմանավորված, որ քանի որ Վճռաբեկ դատարանում այս պահին 16 դատավոր է գործում, Բարձրագույն դատական խորհուրդն այդ ընտրությունը կատարում է այդ 16 դատավորներից:

Որեւէ անհանգստություն պետք չի ունենալ, վաղ թե ուշ դատարանի նախագահը կընտրվի: Իսկ մինչ այդ ընտրությունը էլի դատական օրենսգիրքը սահմանել է, թե ով կլինի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց նա:

Խունդկարյանը նկատեց, որ ինքը որեւէ դիրքորոշում չի կարող արտահայտել, որ ինքը ցանկություն չունի ընդգրկվելու թեկնածուների շարքում. «Դա ԲԴԽ-ի լիազորությունների մեջ է՝ ընտրել այս կամ այն դատավորին»:

Հիշեցնենք, որՎճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական տվեց Արման Մկրտումյանը: