Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում գործունեության 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի հետ 2 անգամ եմ հանդիպել, ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի մտերիմն եմ եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մտերիմիը լինելու իր հասցեին ուղղված խոսակցություններին։

«Շատ համակրանքով եմ վերաբերվել այդ անձնավորությանը, որովհետեւ բանակի կայացման գործում շատ մեծ ներդրում ունի, նա իմ վրա հայրենասեր մարդու տպավորություն է թողել։ Մնացած ոլորտներում ինչ է եղել, ինձ չի հետաքրքրում»,–հայտնել է նա։

Սամվել Հարությունյանը հավաստիացնում է՝ կոմիտեի աշխատողներին ասել է, որ քաղաքական գործունեությամբ նրանք չպետք է զբաղվեն։ «Մենք պրոֆեսիոնալներ ենք, եկել ենք գիտության ոլորտում որոշակի բարեփոխումներ իրականացնելու, որ կոմֆորտ լինի գիտնականների համար»,–վստահեցնում է նա։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը զարմանում է՝ ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել. «Ես Օբամային էլ եմ ծանոթ, հետո՞։ Հանդիպել եմ, զրուցել եմ, նկար էլ ունեմ հետը։ Ի՞նչ»,–վրդովմունք է հայտնել նա։