Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը պնդում է՝ տեղյակ չէ մի խումբ փաստաբանների կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին: Այսօր՝ հուլիսի 1-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սերժիկ Ավետիսյանը նշեց. «Դեռեւս տեղյակ չեմ, երեւի կստանամ պատճենը, կարձագանքեմ»:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինքը վիրավորե՞լ է փաստաբաններին, քրեական պալատի նախագահն արձագանքեց. «Կստանամ, կուսումնասիրեմ, կարձագանքեմ»:
Հիշեցնենք, որ փաստաբանները հայց են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի դեմ՝ պահանջելով ոչ գույքային վնասի փոխհատուցում՝ 1 ՀՀ դրամ չափով, ինչպես նաեւ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարության հերքում: Նրանց խոսքով՝ հեռուստաընկերության եթերում Ավետիսյանը զրպարտել է բոլոր փաստաբաններին: Նրանք զրպարտություն են համարում Ավետիսյանի այն հայտարարությունը, թե փաստաբանները դժգոհում են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի աշխատանքից, քանի որ կոռուպցիայի բացակայության պայմաններում մարդ չեն կարողանում գտնել եւ հարցեր «լուծել»:











