Որդիս կիսաքաղց վիճակով՝ տերեւ, օձի միս ու կաշի  ուտելով էր հաղթանակներ տանում եւ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ, որ թույլ չտվեց իր փոխարեն ամաչեմ: Այսօր՝ հուլիսի 3-ին,  Արցախյան ազատամարտի մասնակից Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մահվան տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց  Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:

«26 տարի  որդիս սերունդ է դաստիարակում, էսօր առավոտվանից որդուս շնորհակալություն եմ հայտնում, որ թուրքի ոսկին տղերքից վերցրեց ջուրը լցրեց, որ հողեր չկորցնի, թուրքի մեշոկով փողը վառեց «Լեսնոյում», գցեց թուրքի տունը, որ  ոչ մեկը չհրապուրվի փողով: Որդիս կիսաքաղց վիճակով՝ տերեւ, օձի միս ու կաշի  ուտելով էր հաղթանակներ տանում: Որդուս շնորհակալություն եմ ուզում հայտնեմ, որ թույլ չտվեց իր փոխարեն ամաչեմ: Որդիս ասում էր ինձանից է ձեզ ոչինչ չի մնալու իմ նկարներից եւ ընկերներիս հարգանքից բացի: Այս Եռաբլուրը հաղթող զորամաս է, ոչ մեկը զինվորի հաց չի կերել, անգամ թուրքի երեխային է կերակրել որդիս»,- ասաց տիիկ Զարուհին:   

Նա ասաց, որ իր որդին եթե այսօր կենդանի լիներ եւ տեսներ, որ գեներալը զինվորի բաժինն է խլում, ատելություն կզգար:

Տիկին Զարուհին պատմեց, որ կռվի տարիներին, մի անգամ Վարդանը տանը երեք կտոր օճառ է գտնում և վրդովված դիմում մորը, որ ինքը այդ օճառները պետք է դիրքեր տանի, տղաներին ավելի շատ է պետք, քան տան կարիքները հոգալու համար:

«Հաց է, որ ուտեք, ջուրը եռացրու հիգիենան պաշտպանի»,- ասել է Դուշման Վարդանը:

Արցախյան ազատամարտի մասնակից Դուշման Վարդանը (Վարդան Ստեփանյան)

Դուշման Վարդանը 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ազատամարտիկները, մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում՝ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում:

«Դուշման» մականունը նրան տվել էր հակառակորդը, որին նա սարսափ էր ներշնչում։ Վարդանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր մարտընկեր Երոյի (Արմեն Երիցյան) եւ Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանում:

Վարդանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով: