Անտառը սոցիալական հարց է լուծում, ուստի ոչ մի գյուղացի չի ցանկանա, որ այն վերանա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
«Հասկանալի է, որ ոչ մի գյուղացի չի ցանկանա, որ անտառը վերանա, քանի որ հատապտուղներից, փայտանյութից, դեղաբույսերից են օգտվում»,–նկատեց նա:
Վրեժ Գաբրիելյանը կարեւորեց նաեւ տեղական ինքակառավարման մարմինների դերը անտառի պահպանության գործում. «Մենք ներառում ենք նաեւ ՏԻՄ մարմիններին, որպեսզի մեզ հետ կարողանան համագործակցել։ Անտառամերձ տարածքների բնակիչներին ու գյուղացիներին 107 համայնքներում ներգրավել ենք կամավորական ջոկատներում, նրանց հետ հրդեհաշիջման եւ կանխարգելման համապատասխան ուսուցում է տարվել»։
ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ որպեսզի տեսնեն, թե անտառում ինչ է կատարվում, ակտիվորեն պետք է օգտագործեն անօդաչու թռչող սարքեր։ «Մենք պահանջ ենք դրել, որ ձեռք բերվեն անօդաչու թռչող սարքեր եւ տրամադրվեն անտառտնտեսություններին, որ նրանք անմիջապես կարողանան ամենօրյա մոնիթորինգ անել»։
Նա ցավով նշեց, որ չնայած խոզաններն այրելն արգելվում է, բայց մարդիկ արտը այրում են, որի ժամանակ էլ հաճախ կրակը հասնում է անտառ: «Եթե կգնան դրան, ապա միայն մեր ներկայացուցիչների ներկայության պայմաններում պետք է այրեն, որ չհասնի մինչեւ անտառ»:
Վրեժ Գաբրիելյանը շեշտեց անտառտնտեսությունների դերը անտառներում հովեկների գործունեությունը վերահսկելու առումով. «Անտառում հովեկների հանգստանալու ժամանակ անտառտնտեսությունների կողմից պետք է կանոնակարգվի եւ վերահսկվի նրանց գործունեությունը։ Իսկ բարձր հրդեհավտանգության պայմաններում մարդկանց մուտքը անտառ պետք է սահմանափակվի»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանն էլ ասաց, որ անտառներում, բուսածածկ այլ տարածքներում անտեսանելի երեւույթներ են տեղի ունենում. «Հրդեհի ծագման համար որոշակի նախապայմաններ կան, որոնց կուտակման արդյունքում է բռնկվում հրդեհը։ Օրինակ՝ նախորդ տարվանից տերեւները, խոտը ձյան ծանրությունից կպել են գետնին: Դա անտառային թաղիք է: Այն դյուրավառ հատկություն ունի եւ բարձր ջերմային ֆոնի արդյունքում ցանկացած կայծից կարող է հրդեհ բռնկվել: Օդի ջերմաստիճանը 40 աստիճան է, բայց հողում 60-65 աստիճան ջերմություն է կուտակվում։ Դա հրդեհի բռնկման մեծ պոտենցիալ ունի»,- հայտնեց նա:
Կարապետյանի կարծիքով, կլիմայական փոփոխությունները «մեզ համար մեծ դժվարություններ են առաջացնելու եւ դրան մենք պետք է պատրաստ լինենք»:
Հրդեհների կանխարգելման եւ ծագման դեպքում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ի խոսքով, դրա մարման միջոցառումները պետք է բաժանել մի քանի փուլերի, որոնցից ամենակարեւորը դրան նախապատրաստվելն է. «Մենք չենք կարող ասել, որ պատրաստ ենք հրդեհին, բայց պետք է նշենք, որ որոշակի պատրաստություններ տեսել ենք, որպեսզի կարողանանք ծագած հրդեհներին դիմակայենք։
Պետք է ավելի լուրջ աշխատանքներ կատարվեն հրդեհի կանխարգելման համար։ Սակայն պետք է նաեւ մտածենք ժամանակակից տեխնիկայով հրդեհները մարելու շուրջ։ Այսօր մենք ունենք հրդեհաշիջման տեխնիկայի, գույքի, սարքավորումների պակաս»։











