Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Այս մասին իրանական ԶԼՄ-ները՝ հրապարակելով հրթիռային արձակումների կադրերը։ Սա տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական էսկալացիայի նոր ալիքի ֆոնին։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, ամերիկյան ուժերը հարվածներ էին հասցրել Իրանի հարավում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ թիրախում են եղել ԻՀՊԿ ռազմական գործունեության հետ կապված օբյեկտները, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու սարքերի ենթակառուցվածքները։ Վաշինգտոնում գործողությունը անվանել են Հորմուզի նեղուցում նավագնացության և տարածաշրջանում ամերիկյան զինծառայողների դեմ Իրանի ձեռնարկած քայլերին հասցված պատասխան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան հարվածները պատասխան են եղել նաև Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու Իրանի փորձին և Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակմանը։ Նա նախազգուշացրել է, որ Թեհրանի կողմից նոր հարձակման դեպքում ԱՄՆ-ն ավելի հզոր հարված կհասցնի։

Իրանական կողմը ամերիկյան գործողությունն անվանել է «կույր և հուսահատ»։ ԻՀՊԿ-ն հայտնել է պատասխան գործողությունների մեկնարկի մասին և հայտարարել, որ իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ամերիկյան 50-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը։

Միևնույն ժամանակ, Իրանի հարավում հաղորդվել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին։ Հորմոզգան նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ Քոհեսթեքում հարսանեկան արարողությանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 50-ը ստացել են վիրավորումներ։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ՝ կապված որոշ տուժածների ծանր վիճակի հետ։

Այսպիսով, Հորդանանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ հրթիռների արձակումը դարձել է երկու երկրների միջև հարվածների ուղղակի փոխանակման մաս, որը նորից ծավալվել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցող դիմակայության շուրջ։