Ազգաբնակչությանը պետք է իրազեկել պարզագույն կանոնների մասին, որոնք անհրաժեշտ են հրդեհներից խուսափելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը:

«Անցած տարի մեծ քանակությամբ խոտածածկ տարածքներ այրվեցին: Այս ամբողջ տարածքներն այրվել էին մայրուղիների հարեւանությամբ: Դա ծխախոտն առանց մարելու նետելու արդյունք է: Հովեկները գալիս են անտառ, հանգստանում են, խարույկ են վառում, առանց մարելու հեռանում են: Դա մեծ վտանգ է պարունակում, քանի որ երեկոյան ժամերին քամին ուժեղանում է, մեկ կայծն էլ բավական է, որ խոտի վրա տեղափոխի, կրակի օջախ առաջացնի: Ապակյա շշերը օգտագործում են, թողում են անտառում, բոլորն էլ օպտիկական երեւույթներ է առաջացնում»։

Ռուբեն Կարապետյանի խոսքով, անտառի աշխատակիցները մոտենում են հանգստացող քաղաքացիներին, զգուշացնում, սակայն հաճախ քաղաքացիները չեն լսում, որի պատճառով էլ հրդեհներ են առաջանում։ «Մեղավորին գտնելը դժվար չի, բայց պատճառված վնասը շատ մեծ է լինում»,–եզրափակեց նա։