Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է սահմանադրությունը, անթույլատրելի է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն:
Հարցին, թե նա խնդիր տեսնո՞ւմ է 2008 թվականին գոյություն չունեցած հոդվածով մարդուն մեղադրելու մեջ, նա նկատեց. «Ոչ թե ես եմ խնդիր տեսնում, այլ Սահմանադրությունն է խնդիր տեսնում։ Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72–րդ հոդվածը։ Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա լարվածությունը պահել, բայց ես կարծում եմ, որ դա չի կարելի անել այս գնով։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ բացահայտումներին, թե՛ նպատակին»։
Դավիթ Հարությունյանի կարծիքով, այն շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, անթույլատրելի է, ապա հավելեց, որ ցավով է դա նշում. «Հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմինները ավելի աչալուրջ կվերաբերեն իրենց կատարած աշխատանքին, որովհետեւ նմանատիպ սխալներով նրանք արժեզրկում են մյուս, շատ կարեւոր աշխատանքը»։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:
Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հատկանիշներով էլ ՀՔԾ-ն որոշել է նախկին նախարարին ներգրավել որպես մեղադրյալ, 2008 թվականին գոյություն չի ունեցել։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտի 18-ին եւ ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008 թվականին նման արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, քրեական պատասխանատվություն չի ենթադրել եւ քրեականացված հոդված չի եղել»:











