Հակված չեմ որեւէ մեկին արդարացնելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալության մասին։

«Իմ վերաբերմունքը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ չի տարբերվում՝ անկախ նրանից նրանք հանրապետական են, թե ոչ։ Հանրապետականը եղել է բազմանդամ կուսակցություն եւ բնական է, որ ունենալով իշխանական լծակներ, այստեղ խնդիրներն ավելի շատ կլինեն, քան փոքրաթիվ կուսակցություններում։ Եթե դուք ասում եք, որ այստեղ պատասխանատու է ՀՀԿ–ն, ես բացարձակապես չեմ հասկանում ձեր ասածը»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ–ի օրոք նման բացահայտումներ բնակչությունը չի տեսել, չի՞ վկայում քաղաքական կամքի բացակայության մասին, Հարությունյանը նշեց. «Ես իհարկե չեմ կարող ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ նախկինում եղել են, ինչպես այսօր։ Բայց, այնուամենայնիվ բացահայտումներ եղել են, որոնք նաեւ վերաբերել են ՀՀԿ անդամներին եւս, ուղղակի դրանց մասին այդպես բարձրաձայն չի հնչել, բայց մարդիկ կրել են պատիժներ։ Իսկ թե քաղաքական կամք առկա՞ է, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, որովհետեւ, ընթերցելով որոշ տեքստեր, իմ մոտ գոնե որպես մասնագետ հարցեր են ծագում»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ձերբակալությանը, նա նշեց, որ իր համար պարզ չէ հաղորդագրության այն հատվածը, որտեղ ասվում է, որ «մուտքագրել էր հաշվապահություն վատնումը քողարկելու համար»։ «Եթե ամբողջ գումարը վճարել է իր անձնական գրպանից, ես չէի տեսնի վատնում։ Բայց որեւէ տեղեկատվություն չունեմ, որեւէ ձեւով հակված չեմ որեւէ մեկին արդարացնելու թե՛ հիմա, թե՛ նախկինում»։