Դատարանները, ինչպես մինչեւ իշխանափոխությունը, այնպես էլ այսօր, գործում են ոչ բավարար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանափոխությունից հետո դատարանների կողմից խափանման միջոցը փոխելու միջնորդությունների բավարարումը։
«Ցավոք՝ դատարանները ոչ այն ժամանակ են գործել այնպես, ինչպես ես ակնկալել եմ, ոչ այսօր: Երկու դեպքում էլ դրանք գործում են դեռեւս ոչ բավարար»,- նշեց նա։
Հարցին, թե ուղղորդված են այսօր դատարանները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ուղղորդել՝ չի նշանակում անպայման ասել՝ այսպես կանեք։ Բայց փորձել կանխագուշակել, թե ինչ է իրենցից ակնկալվում, այդ երեւույթը առկա է, ինչը բնորոշ չէ անկախ դատական համակարգին»։
Արդարադատության նախկին նախարար տեսնում է որոշակի նշաններ, որոնք իր մոտ դեժավյու են առաջացնում. «Չէի ցանկանա, որ անընդհատ ունենայի դեժավյու։ Եթե մենք շարժվում ենք առաջ, մենք պետք է իրապես շարժվենք առաջ։ Ես տեսնում եմ որոշակի նշաններ, որոնք ինձ մոտ դեժավյու են առաջացնում»։











