Գործող կառավարության քայլերը վկայում են այն մասին, որ Սահմանադրությամբ արձանագրված մարդու իրավունքների գերակայությունը հաստատվում է Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրությունը որպես իրավունքների գերագույն փաստաթուղթ չի գործել նախկին իշխանության օրոք, իսկ գործող կառավարության քայլերը միտված են այդ գլխավոր փաստաթղթով արձանագրված արժեքների հաստատմանը։
«Սահմանադրությունը որպես հիմնական իրավական փաստաթուղթ չի ծառայել իր նպատակին, եւ ես հուսով եմ, որ նոր իշխանությունը, կառավարությունը, գալիք իշխանությունն այդ փաստաթուղթը կդնի իր գործունեության հիմքում, որից կբխեն այն բոլոր գործողությունները, որոնք պիտի ծառայեն հանրային շահին։ Հանրային ընկալում էլ չկա, թե որքան կարեւոր է այդ փաստաթուղթը: Ցավոք՝ միշտ չէ, որ մարդիկ հղում են անում իրենց իրավունքներին, որոնք արձանագրված են Սահմանադրության մեջ։ Կարեւոր է, որ մարդիկ իրենց իրավունքները պաշտպանելիս հղում անեն իրավունքին, ոչ թե ինչ-որ դրվածքների եւ այլ մեթոդների»,- ասաց պատգամավորը։
Լենա Նազարյանը հույս հայտնեց, որ Սահմանադրության նկատմամբ քաղաքացու ընկալումը կփոխվի, եթե տեսնի, որ արձանագրված դրույթները թղթի վրա չեն եւ կիրառվում են կյանքում։
«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ ընկալումը կհաստատվի հանրության մեջ, որովհետեւ նախկինում խոսքն ու գործը չեն համընկել, երբ գրված է եղել փաստաթղթի մեջ ինչ-որ արձանագրումներ, բայց կյանքում այդպես չի եղել։ Այս համընկնումը պետք է տեղի ունենա, եւ կարծում եմ՝ գործող կառավարության գործողություները վկայում են այն մասին, որ Սահմանադրությամբ արձանագրված մարդու իրավունքի գերակայությունը հաստատվում է Հայաստանում է, եւ ժողովրդավարությունն այդ իմաստով կլինինոր աստիճանի վրա»,- հավելեց պատգամավորը:











