ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի առաջարկած փոփոխություններն առնչություն ունեն ոչ թե Սահմանադրությանը, այլ այլ որոշ օրենքների, որոնք մեկնաբանում կամ ճշտում են Սահմանադրությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին,  «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն, իրավաբանների խումբը նախագահի հանձնարարությամբ աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա, որոնք վերաբերում են ՀՀ նախագահի լիազորություններին:

Արմեն Սարգսյանի խոսքով, Հանրապետության նախագահին կից կան իրավաբաններ, եւ որոշ օրենքներ փոփոխությունների կարիք ունեն. «Օրինակ օրենքում գրված է, որ ՀՀ նախագահը չի կարող երկուսից ավել խորհրդական ունենալ անվճար: Ինչո՞ւ 2, ոչ թե 12, եթե դա անվճար է, մանավանդ եթե ձեր նման երիտասարդներին նախագահը ցանկանում է հրավիրել իրենց խորհուրդը լսել, երկխոսել, իր խորհուրդները ձեզ հայտնել»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ մի քանի իրավաբանների հետ իրենք առաջարկություններ են մշակել, բայց առաջարկությունները հիմնականում կապված չեն Սահմանադրության փոփոխության հետ, այլ կապված են այն օրենքների փոփոխության հետ, որ այդ փոքր փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ նախագահի եւ նրա աշխատակազմի աշխատանքը դարձնել ավելի էֆեկտիվ:

«Այն մարդիկ, որոնք ես կուզեի, որ իմ խորհրդականը լինեն, օրինակ, այստեղ նստած են: Մեր առաջարկները ներկայացրել ենք, որոնք նպատակ ունեն թույլ տալ, որ ՀՀ նախագահի աշխատակկազմը կարողանա աշխատել»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա եւս մեկ օրինակ բերեց. «ՀՀ նախագահը ըստ Սահմանադրության կարող է ՍԴ դատավորի թեկնածություն ներկայացնել: Հենց պաշտոնակալման առաջին օրնինձ ասացին, որ թեկնածու կա, վաղուց սպասում է, պետք է ներկայացնեմ: Ես հանդիպեցի, նորմալ մարդ է, բայց ինչպե՞ս կարող ես մարդուն դատել մեկ օրվա ընթացքում: Բայց ասացին, որ արդեն ուշացել ես, պետք է հրատապ ներկայացվի: Ես ներկայացրի, բայց ԱԺ-ում չանցավ: Սակայն, երբ օրենքին նայեցինք, տեսանք, որ դրա համար նախատեսված է 6 ամիս: Բայց մեկ այլ օրենքով այդ լիազորությունը սահմանափակվում է 10 օրով: Այսինքն ՀՀ նախագահը 10 օրում պետք է գտնի երկրում ամենաբարձր ռանգ ունեցող դատավորի եւ ներկայացնի ՍԴ անդամի թեկնածու, ինչը հեշտ գործ չի: Նաեւ կարգը չկա: հետեւաբար, մենք մասնագետների հետ դիմեցինք ՍԴ եւ ցույց տվեցինք, որ հակասություններ կան մեր Սահմանադրության եւ համապատասխան օրենքների միջեւ»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ հիմա իր հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ընդունել է ՍԴ անդամի հնարավոր թեկնածուների առաջարկները եւ հիմա նրանց հետ հարցազրույցներ է անցկացնում, թեկնածուների թիվը հիմա 5-ն է. «Հիմա հանձնաժողովը վերջում ինձ առաջարկություն կներկայացնի այդ մարդկանց որակների մասին: Այդ փաստերի հիման վրա ես կկարողանամ որոշում ընդունել,թ ե ով է ճիշտ թեկնածուն»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ իրեն հրավիրեցին առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, այդ ժամանակ օրենքները փոխելու մտադրություն ունե՞ր, Արմեն Սարգսյանն ասաց, որ դա հեշտ առաջարկ չէր, որովհետեւ ինքը վաղուց որոշած է եղել այլ կերպ աշխատել, 300-ից ավել ուսանողների է կրթել Քեմբրիջում, Հարվարդում եւ այլն, բայց կյանքում մի ճյուղից մի ճյուղն անցնելիս, Աստծո դերը մեծ է:

«1997-ին ես վարչապետ էի եւ ինձ թվում էր, թե մի 15 տարի ինչպես եմ աշխատելու, երիտասարդ վարչապետ էի, բայց Աստված ասաց՝ ոչ, գնա հիվանդանոց եւ պայքարի առողջությանդ համար, որը հեշտ չէր: Հիմա նորից Աստծո գործերը կան, ՀՀ նախագահի մանդատը 7 տարով է, բայց տեւեց 7 օր, եւ վարչապետը հրաժարական տվեց»,-ասաց Արմեն Սարգսյանը: