Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում շարունակում է արդիական մնալ աղբահանության խնդիրը. մինչ մայրաքաղաքի մյուս շրջանները տեսանելի առաջընթաց են արձանագրում, Շենգավիթում վիճակն անփոփոխ է։ Բնակիչները բողոքում են «Սանիտեք»-ի կատարած աշխատանքներից՝ նշելով, որ օրերով աղբամանները չեն դատարկվում, բարձրահարկ շենքերում աղբատարներում կուտակված աղբը եւ սարսափելի հոտը միջատների ու կրծողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:

Շենգավիթի Նիզամու փողոցում աղբահանությունը, բնակիչների խոսքով, համարյա թե չի վերահսկվում: Իսկ երբ բնակիչները «Սանիտեք»-ի մեքենան տեսնելուց բողոքում են եւ պահանջում, որ իրենց բակն էլ մաքրեն աղբից, նրանք պատասխանում են, որ դա իրենց տարածքը չէ եւ տեղյակ էլ չեն, թե ով է այդ տարածքի աղբահանումը վերահսկում:

Նույն տեսարանն է նաեւ Շենգավիթի Արարատյան եւ Տարոնցի փողոցներում: Հացի փռի դիմացի հատվածում աղբամաններն այնքան են լցված, որ մնացյալ աղբը բակի բնակիչները դնում են աղբամանի կողքին, որն էլ իր հերթին առաջացնում է տհաճ հոտ եւ կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: