Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ կաշառքի գործի անջատված մասով հուլիսի 9-ին դատարանում հարցաքննվեց վկա, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկ Մովսիսյանը:
Անջատված մասով ամբաստանյալը Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն է: Ըստ մեղադրանքի՝ նա քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից 3 հազար դոլար կաշառք է ստացել: Մեղադրանքի համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը գումար է տվել որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Մովսիսյանը պատմեց, որ մեղադրանքի վերաորակման վերաբերյալ քննարկումներ են եղել եւ վարչական շրջանի դատախազությունում, եւ Երեւան քաղաքի դատախազությունում, եւ գլխավոր դատախազությունում: Դատախազի խոսքով, քննարկումներին որոշ դեպքերում նաեւ Բունիաթ Եղիազարյանն է մասնակցել:
«Դիրքորոշում է եղել, որ հնարավոր է՝ վերաորակվի մեղադրանքը: Քննիչն էլ է նման դիրքորոշում հայտնել: Հիշում եմ, որ քննիչին բանավոր ցուցում է տրվել եւս մի քանի քննչական գործողություններ անել: Ի վերջո, քննարկումների արդյունքում որոշվել է գործը դատարան ուղարկել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասաց Հայկ Մովսիսյանը:
Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին ի պատասխան՝ դատախազը հայտնեց, որ Բունիաթ Եղիազարյանի կողմից որեւէ շահագրգռվածություն չի նկատել մեղադրանքը վերաորակելու հարցում:
«Կասկած ունենայի, հարազատներին կհրավիրեի վարչություն, կքննարկեի նրանց հետ»,- ասաց Հայկ Մովսիսյանը:
Նշենք, որ այս գործով հաջորդ նիստին՝ հուլիսի 18-ին ցուցմունք կտա Բունիաթ Եղիազարյանը:











