Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների առաջարկների մեջ կան այնպիսիք, որոնք անընդունելի են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

«ՀՀԿ–ի առաջարկների մեջ կան այնպիսիք, որոնք մեզ համար ընդունելի չի։ Սակայն, կան նաեւ այնպիսիք, որոնք մեզ դուր են գալիս եւ մենք որոշել ենք դրանք հայեցակարգում ընդգրկելու մասին»,–նշեց նա։

Հարցին՝ եթե ՀՀԿ–ն ինչ–որ բան առաջարկի, որն ընդունելի տարբերակ լինի, պատրաստ են ընդգրկել Ընտրական օրենսգրքի նախագծում, Իոաննիսյանը նշեց. «Մեզ համար տարբերություն չկա, թե ով է առաջարկում։ Մենք մտադիր չենք  զիջել օրենսգրքի որակը»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ չգնալ փոխզիջումների, վերջիվերջո, ԱԺ–ում մեծամասնությունն ՀՀԿ–ականներն են, նա շեշտեց, որ դա քաղաքական ուժերի որոշելիքն է. «Մենք քաղաքական ուժ չենք։ Մեզ համար կարեւոր է ունենալ որակի առումով հնարավոր ամենալավ օրենսգիրք»։

Հարցին՝ արդյոք կարելի է տարածքային բաց ցուցակների հարցը փակված համարել, Իոաննիսյանը նշեց. «Ըստ էության, այս հարցը կառավարության ծրագրում է ամրագրված, որ պետք է ռեյտինգային համակարգից հրաժարվել եւ անցնել սովորական համամասնական ընտրակարգի»։

Նա հավաստիացրեց՝ նախագծի հարցում «առեւտրի» չեն գնալու. «Մեր հանձնաժողովն էությամբ է մասնագիտական։ Մեր հանձնաժողովը չի գնալու ինչ–որ մեկի հետ «բազար» անի, որ եկեք դուք համաձայնեք մեր այս կետին, մենք կհամաձայնենք ձեր այս կետին։ Վարչապետին ներկայացվող ընտրական օրենսգրքի որակը առեւտրի ենթակա չէ»։

Նախագծի ժամկետների մասին հարցին վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց. «Նախագծի ինչ–որ տեխնիկական հարցերի շուրջ արդեն աշխատանքներ տարվում են, բայց շատ հարցերի հետ կապված քաղաքական որոշումներ պետք է լինեն»։

Նա հույս հայտնեց, որ արդեն սեպտեմբերին նախագիծը խորհրդարանի քննարկմանը դրված կլինի։

Իոաննիսյանը հստակեցրեց, որ ԱԺ 105 պատգամավորն էլ կարող են նախագիծ ներկայացնել։ «Ինձ համար՝ որպես վարչապետին առընթեր հանձնաժողովի ներկայացուցիչ կարեւոր է, որ այն նախագիծը, որ կազմվելու է կառավարությունում, լինի ամենաորակյալը, թե ուրիշ ով ինչ նախագիծ կկազմի, մարդկանց իրավունքն է։ Ոչ մեկին չի սահմանափակել պատգամավորների՝ նախագիծ մշակելու իրավունքը։ Թեկուզ կարող են նախագիծ մշակել, որով կչեղարկեն Նյուտոնի օրենքները»։