Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնբվածությանը. պետք է համաներում հայտարարվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց արարքը հանրության համար կորցրել է վտանգավորությունը. «Գնացեք ՔԿՀ-ներ, գնացեք «Դատապարտյալների հիվանդանոց», կալանավորներ կան, որոնք ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք բացարձակ անհամատեղելի են կալանավայրում պատիժը կրելու հետ: Բեռնաթափեք ՔԿՀ-ները:

Մենք գնում ենք այլ ճանապարհով, բայց կարծեք թե, վերջին ժամանակներում կատեգորիկ խուսափում ենք համաներման հարցը քննարկելուց: Էլ չեմ խոսում վաղակետ ազատ արձակման հանձնաժողովի մասին: 10 անգամ հանձնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեցինք եւ որեւէ անգամ այդ հանձնաժողովի օգտակար գործողության գործակիցը չտեսանք»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտեց, որ վերջերս «Արմավիր» ՔԿՀ է այցելել. «Դեպքեր կան, կալանավոր կա կուրանում է, 8 տարի պատիժը կրել է, մնացել է մի քանի ամիս, բայց համաներում չկա: Բազմաթիվ խնդիրներ կան նաեւ առողջական վիճակի հետ կապված, ուղղակի անհամատեղելի ազատազրկման հետ»,- ընդգծեց նա: