2018 թվականի մայիս-հունիսի ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով:

Հարցին, թե բացահայտված գործերով պետության պատճառված վնասը այս տարվա ընթացքում ամբողջությամբ մուտք կարվի՞ պետական բյուջե, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ վերջին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր  20 մլրդ դրամ վնասի մասին, որից 800 մլն դրամը մուտքագրվել էր պետական բյուջե, սակայն հիմա պետբյուջե մուտքագրված գումարն ավելացել է եւ կազմում է 1,5 մլրդ դրամ. «Նոր քրեական գործեր կան հարուցված: Միաժամանակ ճիշտ չէ այդ գումարները հաշվի առնել բյուջեն պլանավորելիս: Ավելի կարեւոր է հասկանալ, թե արդյոք այդ գործողությունների արդյունքում տնտեսվարողի վարքագիծը փոխվել է, թե ոչ, քանի որ այդ բացահայտումները հատային գործողություններ են»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա նաեւ նկատեց, որ իրատեսական չէ, որ բյուջե վերականգնված գումարներով փակենք բյուջի դեֆիցիտը. «Մենք բյուջեով ունենք ծախսեր, որոնք բոլոր դեպքերում պետք է իրականացնենք, եթե ավելի շատ գումար է հավաքվում, ապա այն ուղղվում է դեֆիցիտը նվազեցնելուն: Դա դրական կերպով անուղղակիորեն ազդելու է պետական պարտքի սպասարկման վրա»: