Ես դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու կառավարության կազմում, բայց առաջանում է խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայանան իրենց ապագա կառավարության կազմով:

Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է կառավարության կազմը, շահեկան վիճակում է հայտնվում է քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, ովքեր ասում են՝ դուք դեռ մեզ ընտրեք, հետո կասենք: Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա: Օրենքով ամրագրելը ոչինչ չի տա, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը չի ներկայացնելու ստվերային կաբինետ, որովհետեւ չի ունենալու այդքան ռեսուրս»:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ եթե առաջարկը չընդունվի, ապա կուսակցությունները հանրությանը կներկայացվեն քաղաքական որոշումներ ընդունելու ունակությամբ չօժտված կառույցներով, ինչն անթույլատրելի է. «Չի կարելի ընտրողին մոլորեցնել: Եթե խոստում եք տալիս, ապա պետք է ասեք, թե ով է պատասխանատուն եւ կփորձեք իրացնել այն»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց. «Մինչեւ հիմա այս պահանջը չկար, ի՞նչն էր խանգարում քաղաքական ուժերին ներկայանալ իրենց կաբինետի կազմով: Եթե լինի օրենսդրական պահանջ, ազդեցիկ կուսակցությունները ստիպված կլինեն ներկայացնել, բավական է, որ մի ուժ հնչեցնի անունները, մյուսներն էլ կգնան հետեւից՝ մրցակցելու համար: