Աբովյանի բնակիչ Արտուշ Դաշյանը պնդում է, որ իր զինծառայող որդուն՝Արթուր Դաշյանին առանց հիմքերի են  դատապարտել 13 տարվա ազատազրկման: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ 2013 թվականի նոյեմբերի 27-ին զորամասում տեղի ունեցած միջադեպը ճակատագրական է եղել իր որդու համար:

«Որդիս ծառայում էր Հադրութի զորամասում, 20 օր էր մնացել, որ զորացրվեր, ինքը ջոկի հրամանատար է եղել, նոյեմբերի 27-ին հենակետում նռնակ է պայթում: Նռնակը հատկացված եւ կցված է եղել զինծառայող Արմեն Վարդանյանին, հերթապահը եղել է Նարեկ Այվազյանն այդ պահին: Որդուս իջեցնում են Հադրութի ոստիկանություն եւ խոշտանգում, ճակատի ոսկորը ջարդում են, ստորագրել տալիս, որդուս Ղարաբաղում դատապարտում են 13 տարի: Որդիս ասել է, որ իրեն խոշտանգել է Հադրութի երկրորդ կայազորային քննչականի պետ Արմեն Հովհաննիսյանը, ոտքով է խփել, այնուհետեւ քյամարով ճակատին վնասվածք է հասցրել: Մատնահետքերը երկար ժամանակ չէին տանում փորձաքննության, մինչեւ տարել են, արդեն իրենց գործն արած են եղել ոչ մեկի մատնահետքը չի եղել»,- պատմեց նա՝ նշելով, որ որդուն դատապարտել են սպանության փորձի համար, սակայն միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի մահացել:

Արտուշ Դաշյանը նշեց, որ իր որդուն՝ Արթուր Դաշյանին խոշտանգելու հետ կապված դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հիմա, որ նոր Հայաստան է, նոր իրողություն է, ես բողոքում եմ այս գործով եւ հանդիպում եմ պահանջում վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Բողոքել եմ Վերաքննիչ դատարան, 1 տարի 7 ամիս էլ այստեղ է քննություն իրականացել եւ դատավճիռը կրկին նույնն է մնացել: Մինչեւ հիմա էլ վճիռը չի տվել, բողոքարկելու եմ ՎՃռաբեկ դատարան, այնուհետեւ ՄԻԵԴ եմ դիմելու»,- հավելեց նա: