Հայ ծնողների ակումբը ստեղծել է տեղեկատվական կենտրոն՝ երեխաների ժամանցն ու դաստիարակությունը կազմակերպելու համար։ armparents.com նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit 2018 –ի ժամանակ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ակումբի հիմնադիր տնօրեն Աստղիկ Զաքարյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է աջակցել ծնողներին երեխաների հանգստի, ժամանցի, ուսման ու դաստիարակության հետ կապված ցանկացած հարցով։
Armparents.com կայքում, որը գործում է արդեն մի քանի ամիս, տեղադրված է տեղեկություններ շուրջ 200 ընկերությունների մասին, որոնք մասնագիտանում են մանկական միջոցառումների, ուսման, ընդհանուր զարգացման, սպորտի, հոգեբանի ծառայությունների տրամադրման վրա։ Նաեւ կարելի է գտնել խաղալիքների խանութների, լեզուների ուսուցման կամ արվեստի կենտրոնների մասին տեղեկություններ եւ այլն։
«Նախագծի նպատակն է աջակցել ծնողներին երեխաներին վերաբերող ցանկացած հարցում։ Մեր ակումբն իրենից ներկայացնում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ծնողները կարող են գտնել տեղեկություններ մանկական հաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, զարգացման կենտրոնների մասին տարբեր պարամետրերով՝ ըստ երեխաների տարիքի, ընկերությունների գտնվելու վայրի։ Նաեւ մենք երեխաների ու ծնողների համար կազմակերպում ենք ճանաչողական բնույթի միջոցառումներ, բացի դրանից ծնողներին տրամադրում ենք տեղեկություններ տարբեր հաստատությունների կողմից երեխաների համար կազմակերպվող միջոցառումների մասին՝ ըստ նրանց կարիքների»,- նշեց Աստղիկ Զաքարյանը։
Armparents.com կայքում ծնողները կարող են գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են, օրինակ, «Ինչ մանկապարտեզներ ու զարգացման կենտրոններ կան մեր թաղամասում», «Որտեղ կարելի է նշել երեխայի ծննդյան օրը», «Որ ինտերնետ խանութներից կարելի է պատվիրել խաղալիքներ՝ առաքումով» եւ այլն։ Այս հարթակը միավորում է մանկական հաստատությունները, ներկայացնում դրանց ծառայություններն ու գները։
Ծնողները կարող են նաեւ կայքում գտնել տեղեկություններ պրոֆեսիոնալ դայակների ծառայությունների մասին՝ դարձյալ տարբեր պարամետրերով, օրինակ, երբ պետք է երեխայի համար դայակ վարձել, որը կաշխատի ցերեկային կամ գիշերային ժամերին։ Նաեւ ակումբը համագործակցում է ընկերությունների ու հաստատությունների հետ, որոնք մասնագիտանում են հատուկ խնամք պահանջող երեխաների սպասարկման վրա։
«Հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ են ներդրումներ՝ ցանկացած ֆինանսական աջակցություն կօգնի ստարթափի առաջխաղացմանը, քանի որ մենք ունենք մեծ ծրագրեր ու շատ բան ենք հասցրել անել։ Հիմա, սկզբնական փուլում մեզ պրոֆեսիոնալ աջակցություն ու խորհրդակցություններ են պետք, նաեւ մասնագետներ, որոնք կմիանան մեր նախագծին»,- ասել է նա:
Հայ ծնողների ակումբը ստեղծվել է «Armenian Parents Corner» ֆեյսբուքյան խմբի հիման վրա, որն այսօրվա դրությամբ ավելի քան 50 հազար մասնակից ունի։











