Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ տրամադրի համայնքներում խնդիրների լուծման համար, բայց պետք է համոզված լինի, որ այդ միջոցներն արդյունավետ են ծախսվում։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրաձայնում էին անտառտնտեսությունների, երթուղային ցանցի, մոնոպոլիաների, հարկային քաղաքականության և համայնքներին առնչվող այլ խնդիրների մասին:
«Մինչև այս համոզմունքը չլինի, ես գտնում եմ, որ իմաստ չունի որևէ ֆինանսական միջոց հատկացնել, ի՞նչ իմաստ ունի ֆինանսական միջոց հատկացնել, եթե մտածում ես, որ դրա մի մասը չարաշահելու են: Այս տրամաբանության մեջ պետք է աշխատենք, նախկին տրամաբանությունը չի աշխատելու, այն, որ այսքան փող կտանք, ընտրություններին այսքան ձայն կբերեք: Դա չի աշխատելու, որքանով համայնքն արդյունավետ կաշխատի, այդքանով կառավարությունն ակտիվ կհամագործակցի այդ համայնքի հետ։ Ես ուզում եմ, որ մեր երկրում հարաբերությունների ձևը փոխվի, ոչ թե լինի մի կառավարություն, որը պետք է ամեն ինչ անի, այլ լինի կառավարություն, որը պատրաստ է ամեն ինչ անել պայմանով, որ մյուսներին էլ է մղում շատ ակտիվ գործողությունների»,– նշեց վարչապետը:











