Հայաստանի Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության հիմնադրման համար ստեղծված նախաձեռնող խումբն այսօր՝ օգոստոսի 15-ին,  ներկայացրեց կուսակցության ստեղծման նպատակը:

Նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ տարօրինակ է, որ լինելով առաջին քրիստոնյա ժողովուրդը՝ ունեցել ենք շատ կուսակցություններ, սակայն քրիստոնեական շարժում կամ կուսակցություն չենք ունեցել:

«Մենք մտածել ենք, որ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է նյութականացվեն և նպատակները ուղենիշային դառնան մեր պատմության համար, որ չվերադառնանք ճահճին կամ երրորդ հանրապետության, սատրապային շրջանին»,- ասաց նա և նշեց, որ չորրորդ Հանրապետությունը իրական Հայաստանի վերածնունդն է լինելու եւ Հայաստանի ոսկեդարը:

Լեւոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանի Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցությունն ունենալու է աջ կենտրոն դիրքորոշում, լինելու է ժողովրդավարական՝ ժողովրդավարության սկզբունքների և եկեղեցու դավանանքի փիլիսոփայության հիման վրա, սակայն այն կրոնական կազմակերպություն չի լինելու:

Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ իրենք երկու սկզբունք են ունենալու՝ քաղաքական կոնսենսուս և սոցիալական գործունեություն:

Քաղաքագետն ասաց, որ իրենք մասնակցելու են ԱԺ ընտրություններին եւ մանդատներ են ձեռք բերելու, իսկ եթե չհաղթեն, ապա կնախապատրաստվեն երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն:

«Մենք գնում ենք քաղաքական խնդիր լուծելու, մենք գրպանի կուսակցություն չեն ստեղծում, կոռուպցիայով հայտնի քաղաքական գործիչների հետ չեն համագործակցելու»,- ասաց Լեւոն Շիրինյանը:

Լեւոն Շիրինյանը հավելեց, որ կուսակցության հիմադիր համագումարը կլինի սեպտեմբերի 15-ին: