ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 23-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 16-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, Կապանի քաղաքապետի, Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին:

Նշենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ հայրապետյանը հրաժարական էր տվել Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցը հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին:

Կառավարության նիստի օրակարգում են նաեւ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տերյան 105 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող տարածքները վարձակալության հանձնելու թույլտվություն տալու մասին եւ այլ հարցեր:

Օրակարգում է նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին հավանություն տալու մասին հարցը, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով Սեւանա լճից 2018 թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչեւ 210 մլն խմ: