Հայաստանում ամենատարածված մասնագիտություններից մեկը ծրագրավորումն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր ամենաարագ զարգացող և մեծ եկամուտ ապահովողներից է:
Սակայն ոչ բոլորին է հայտնի, թե ինչպիսի դժվարություններ այն ունի, ինչ կյանքով են ապրում ծրագրավորողները, ինչպես են աշխատում և ինչ ուղի են անցել:
NEWS.am-ը ներկայացնում է նոր՝ «Հայացք ներսից» հաղորդաշարը: Նպատակն է ներկայացնել ծրագրավորումը ոչ միայն որպես մասնագիտություն, այլև որպես աշխատանք, կոտրել գոյություն ունեցող կարծրատիպերը և ամեն ինչի ծանոթանալ հենց տեղում:
Առաջինը, ով համաձայնվեց մասնակցել հաղորդմանը, Ogma Inc ընկերությունն է:
Առաջին խնդիրը, որին հանդիպեցինք, ծրագրավորողների՝ տեսախցիկներից խուսափելն էր: Երկար բանակցություններից հետո վերջապես գտնվեց այն համարձակը, ով համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև, իսկ մյուսների հետ բավական երկար և հետաքրքիր զրույց ունեցանք կադրից դուրս:
«Ծրագրավորմամբ զբաղվելն ամենահետաքրքիր գործերից է, սակայն եթե ծրագրավորմամբ ցանկանում են զբաղվել զուտ գումար վաստակելու համար, ապա այդ աշխատանքը երկար չի տևի: Օրինակ՝ անձը 5 ամիս սովորելուց հետո հասկանալով, որ կարող է աշխատանքի անցնել ինչ-որ Ճ դասի ընկերությունում, և ստանալ X գումար, միանգամից գնում է այդ քայլին, և գցում շուկայի որակը»,- նշում են ծրագրավորողները:
Շատերի պատկերացմամբ՝ ծրագրավորողը չունի շատ ժամանակ, և նրա կյանքը բաղկացած է միայն մի հասկացությունից՝ կոդ, կոդ, կոդ:
Մարդկանց երևակայության ծրագրավորողի կերպար է ստեղծված, սակայն իրականությունն այլ է:
«Մենք լինում ենք կոդերի աշխարհում մինչև աշխատանքային օրվա ավարտը: Դրանից հետո ընկերներով հանգստանում ենք փաբում: Լինել ծրագրավորող չի նշանակում չունենալ կյանք: Ընդհակառակը, ունենք բավական լավ կյանք, քանի որ զբաղվում ենք մեր սիրելի գործով, եւ մեզ դրա համար գումար են տալիս: Եվ մարդկանց կողմից ստեղծված կարծրատիպերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասում են Ogma Inc-ի աշխատակիցները:
Ծրագրավորողն ընկերների շրջապատում մեծ համբավ է վայելում, երբ ինչ-որ տեխնիկական խնդիր է առաջանում: Ու երբ մի փոքր մտածելու հարց է լինում, միանգամից դիմում են նրանց: Ծրագրավորողի կյանքը լի է նմանատիպ հարցերով՝ սկայպս փչացել ա, մի հատ կսարքե՞ս, Windows-ս թռավ, ի՞նչ անեմ:
Փոքր գաղտնիք բացեմ. նման հարցերով ծրագրավորողին մի դիմեք, նրանք դա տանել չեն կարողանում:
Բացի բուռն քննարկումներից՝ մեզ հաջողվեց նաև ծանոթանալ գրասենյակային կյանքին: Տեսնել, թե ինչ պայմաններում և ինչպես են աշխատում «ամենակարող մարդիկ»:
Դե ինչ, հաջորդ անգամ հյուր կգնանք մեկ այլ ընկերության, եւ ներսից կծանոթանանք աշխատակիցների կյանքին:
Ալբերտ Դադոյան











