Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Հայտարարության առիթ է դարձել փողոցային երաժիշտների եւ ոստիկանների մասնակցությամբ սկանդալային միջադեպը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում՝ հանրության վրդովմունքն առաջացնելով: Ոստիկանության վարկածով ստացվում է, որ ոստիկանների ու երաժիշտների ճաշակը չի համընկել:

«Ոստիկանությունը որեւէ խնդիր չի տեսնում փողոցային երաժիշտների գործունեության մեջ: Խնդիրն այն է, որ երաժշտությունը չվերածվի աղմուկի եւ անհարմարություն չպատճառի հասարակության մյուս անդամներին:

Ուստի ոստիկանությունը, նկատի ունենալով, որ Հյուսիսային պողոտան նաեւ բնակելի տարածք է, փողոցային երաժիշտներին հորդորել է պահպանել լռության ռեժիմը, նվագելու համար ընտրել բնակարաններին չհարող տարածքներ ու զերծ մնալ չափազանց աղմկոտ կատարումներից»,- ասվում է պարզաբանման մեջ:

Ինչ վերաբերում է բուն միջադեպին. ոստիկանությունում հաստատել են, որ Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Արձանագրություն է կազմվել, մայրաքաղաքի հյուրերին ազատ են արձակել:

«Քաղաքացիները բերման են ենթարկվել, որովհետեւ խախտել են հասարակական կարգը»,- բացատրել են ոստիկանությունում՝ զարմանք արտահայտելով ոստիկանների հասցեին հնչող քննադատության առիթով: Ոստիկանությունում պնդում են, որ օտարերկրացիներն իրենք են վիճաբանություն հրահրել իրավապահների հետ:

Նշենք, որ չնայած ոստիկանության պնդումներին՝ տեսանյութը դիտելիս իրավապահների գործողությունները կասկած են հարուցում: Լրատվամիջոցների եւ անցորդների հարցերին պատասխանել փորձող երաժշտի վրա 5 իրավապահ է հարձակվում, ոլորում ձեռքերը, չգիտես ինչու՝ բռնում պարանոցից, չնայած երաժիշտը չի դիմադրում: Կարծում ենք՝ այս տեսարանը զբոսաշրջիկների աչքերում չի մեծացնում ո՛չ Հայաստանի ոստիկանության հեղինակությունը, ո՛չ Երեւանի գրավչությունը: