Մինչ բարձրդասարանցիները հավաքվում են թիվ 195 դպրոցի դռների մոտ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը քայլում է դատարկ շենքում՝ մտաբերելով այստեղ իր ուսման տարիները: Շատ տարիներ առաջ՝ սեպտեմբերի 1-ին մեծ կարմիր դահլիճում նրան եւ մյուս առաջինդասարանցիներին ողջունել են 10-րդ դասարանի աշակերտները եւ նույնիսկ վիճում էին, թե ով ում է ծաղիկ նվիրելու: Այսօր նախարարը ժպիտով է հիշում այդ օրը:
Այդ ժամանակից ի վեր դպրոցում քիչ բան է փոխվել, ասում է նա: Միգուցե պատերի նկարներն էին նախկինում ուրիշ, եւ կարմիր դահլիճը միջանցքից բաժանող դռներ չկային: Իսկ ահա ամֆիթատրոնը գործնականում չի փոխվել. այստեղ պտղատու ծառերի ստվերում Լիլիթ Մակունցն ու նրա համադասարանցիները շատ միջոցառումներ են անցկացրել:
Լիլիթ Մակունցի որոշ ուսուցիչներ մինչ օրս շարունակում են այստեղ դասավանդել: Անգլերենի ուսուցչուհի Լիլյա Պետրոսյանը հիշում է, թե ինչպես դեռեւս 3-րդ դասարանում իր աշակերտուհուն թույլ էր տալիս իր փոխարեն դասը վարել: Իսկ աշխարհագրության ուսուցչուհի Հասմիկ Աշուղյանը հիշում է, որ Լիլիթ Մակունցն այն քիչ աշակերտուհիներից էր, որն անգիր գիտեր բոլոր երկրները եւ դրանց մայրաքաղաքները:
Ինքը՝ Լիլիթ Մակունցն էլ է խոստովանում, որ սիրում էր սովորել եւ ջանում էր երբեք դասերը բաց չթողնել:
«Հիշում եմ՝ երբ հիվանդանում էի, դա ինձ համար ողբերգություն էր: Մի անգամ ինձ մոտ աչքերի բորբոքում էր, եւ բժիշկներն արգելել էին մեկ շաբաթ որեւէ բան անել: Դա ամենաերկար ժամանակահատվածն էր, երբ ես դպրոց չեմ հաճախել, եւ դա ինձ համար սարսափելի ողբերգական էր»,- հիշում է Մակունցը:
Երբ հանդիսավոր միջոցառումից հետո երեխաները իրենց դասարանները գնացին, մշակույթի նախարարը մտավ դրանցից յուրաքանչյուրը՝ աշակերտների հետ զրուցելու, իմանալու ինչ երազանքներ եւ ձգտումներ ունեն, եւ 2 ուղերձ փոխանցելու՝ գիտելիքը ամենակարեւոր կապիտալն է, որը երբեք չի արժեզրկվի ու ոչ մեկի կողմից չի վերցվի, եւ ոչ մի բան հենց այնպես չի տրվում՝ ինչ-որ բան ստանալու համար պետք է ջանալ:











