Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում Ազգային թանգարանը ոչնչացրած հրդեհը տեղի է ունեցել «շատ տարիներ շարունակված անփութության պատճառով»: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի մշակույթի նախարար Սերժիու սա Լեյտան, փոխանցում է Telesur հեռուստաալիքը: 

«Թող սա տագնապի ահազանգ լինի, որպեսզի նման ողբերգությունները մյուս թանգարաններում եւ այլ հաստատություններում չկրկնվեն»,- ասել է նա: Նրա պնդմամբ՝ «ժամանակ չի եղել»  անհրաժեշտ բարելավումներ անելու եւ «ողբերգությունից խուսափելու» համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թանգարանի շենքում կրակը բռնկվել է կիրակի երեկոյան եւ շարունակվել ավելի քան 3 ժամ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառը դեռեւս չի պարզվել: Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ  հրդեհի հետեւանքով «կորսվել են 200 տարվա աշխատանքները, հետազոտությունները եւ գիտելիքները»:

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, 2016 թվականին, երբ Տեմերը զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, կտրուկ կրճատվել է թանգարանի կարիքներին հատկացվող բյուջեն:

Թանգարանում պահվում էր ավելի քան 20 մլն ցուցադրանմուշ: Այն հիմնվել է 1818 թվականին Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի կողմից: Թանգարանում ներկայացված էին Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների կենդանիների, հանքապարների, բրածո մնացորդների, մումիաների, հնդկացիական սպասքի հավաքածուները:

Ռիո դե Ժանեյրոյում այրվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը