Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը` Արմավիր քաղաքի կամրջի տարածքում։ Գյուղացիները դժգոհ են խաղաղի մթերման գներից:
Նրանք հավաքվել են Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտ, որտեղից երթով շարժվել են Արմավիր-Երեւան ճանապարհ ու փակել այն:
«Մեզ սկզբում, դեռ գարնանից ասել են, որ խաղողը կմթերեն 160 դրամով, հիմա ասում են 140 դրամ: Մեզ վրա խաղողը նստել է արդեն 140 դրամ, ամեն ինչ թանկացել է: Մինչ այդ մյուս գործարանները մթերում էին 160 դրամով, բայց Երեւանի կոնյակի գործարանը իջեցրեց 140 դրամ ու քանի որ ինքը գին թելադրող է, բոլորը հետեւեցին նրան եւ գինը իջեցրին 140 դրամ»,-ասաց ցուցարարներից մեկը:
Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանը նախորդ օրը հայտարարել էր, որ10 դրամով կբարձրացնի մթերվող խաղողի գինը: Կազմակերպությունը կսկսի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 11-ին: Մեկնարկը կտրվի ձեռնարկության Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ): Այգավանի մասնաճյուղը (Արարատի մարզ) կմիանա գործընթացին սեպտեմբերի 12-ին: Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) Երեւանի կոնյակի գործարանը կմթերի սեպտեմբերի 17-ից: Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի եւ որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ:
Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք եւս բացվել են կազմակերպության կողմից:
Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Ավելին՝ հավատարիմ մնալով «մեկ տարի – մեկ գին» մոտեցմանը, որը ենթադրում է միասնական գին մթերվող խաղողի բացարձակապես ողջ քանակի համար բոլոր երեք մասնաճյուղերում՝ կազմակերպությունը պատրաստ է կոմպենսացնել Տավուշի մարզի խաղողի շաքարայնության անբավարարությունը մթերվող խաղողի քանակով:














