Իրացնելով Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 30-ին Երևանի Սեբաստիա փողոցում հայտնաբերել եւ թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել Երեւանում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խուզարկությամբ տղամարդու ձեռքի փաթեթում հայտնաբերվել է հաշիշի յուղի նմանվող դեղնավուն հեղուկով 13 ներարկիչ ու 19 գրամից ավելի մարիխուանայի նմանվող, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կոշտ զանգվածներ։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դրանք տղամարդուն ուղարկել են ԱՄՆ-ից՝ փոստային առաքման միջոցով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առաքողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։