ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, անկլավների/էքսկլավների հնարավոր փոխանակմանը, այդ հարցով հանրաքվե անցկացնելու հավանականությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին:
Խոսելով սահմանազատման գործընթացի սկզբունքների մասին՝ պատգամավորը վերահաստատել է իշխանության դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը այն է, որ մեր տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն չափի՝ սանտիմետրի, միլիմետրի ճշգրտությամբ պետք է պահպանվի, բայց կարող են լինել տեղեր, որտեղ կենսական անհրաժեշտության ենթակառուցվածքների բերումով կարող են որոշակի տեղաշարժեր լինել»։
Անդրադառնալով անկլավների և էքսկլավների խնդրին՝ Ղազարյանը նշել է, որ միշտ առկա է եղել մի քանի տեսական տարբերակ, սակայն ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված փոխանակման տարբերակն ամենաընդունելին է. «Մի տարբերակ է եղել միշտ տեսական. մեկը, որ ամեն մեկի տարածքը ինչպես եղել է սովետական միության ժամանակ, այնպես էլ կպահպանվի… մյուսը, որ մենք կկատարենք փոխանակում՝ համապատասխան մակերեսներով… Վարչապետի հայտարարության մեջ երրորդ տարբերակն է նշվում, և ես կասեի՝ մեր դիրքորոշումն այն է, որ դա ամենաարդյունավետ, ամենախաղաղ, հանգիստ, առանց ռիսկերի տարբերակն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին»։
Այսօր վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անկլավների ու էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ։ Պնդել է, թե խաղաղության այս տեսլականի իրագործելիության տպավորություն է ստացել Թուրքմենստանում Ալիևի հետ շփումներից․ «Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»։
Հարցին, թե արդյոք տարածքների փոխանակումը ենթադրում է սահմանադրական հանրաքվեի անցկացում, իշխանական պատգամավորը նշել է, որ իրավական երկու մեկնաբանություններ կան, սակայն անհրաժեշտության դեպքում իշխանությունը կգնա այդ քայլին. «Ես վստահ չեմ, որ հիմա ճիշտ պնդում եմ անում դրա համար, ասում եմ, որ երկու տարբերակն էլ կա և կա հավանականություն, որ կարիքը կարող է լինել հանրաքվեի, և որպեսզի ժողովուրդը նույնպես համաձայնի այդ տարբերակին։ Ու քաղաքական ղեկավարությունները միմյանց հետ փոխադարձ համաձայնությամբ ձեռք են բերել, և եթե այդպիսի կարիք լինի, իհարկե, դա կանցնի [հանրաքվեով]»։
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության մասին՝ Թագուհի Ղազարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության որոշումները կայացնում է բացառապես ժողովուրդը. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում՝ կունենա թշնամիներ, թե չի ունենա թշնամիներ, Հայաստանի Հանրապետությունը որոշել է, որ չի ուզում լինել Ռուսաստանի թշնամին… Մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր գործընկերների հետ»։
Եթերի ավարտին պատգամավորն անդրադարձել է նաև նախկինում իր կողմից հնչեցրած և հանրային հնչեղություն ստացած արտահայտությանը, երբ ընդդիմադիր դաշինքին անվանել էր «տրանսգենդեր կուսակցություն»: Նա հրապարակավ զղջացել է իր խոսքերի համար. «Մարդը, այսինքն՝ ես, ասում եմ. ես սխալ եմ եղել, սխալ եմ արել, ներողություն եմ խնդրում և խնդրում եմ բոլոր նորմալ մարդկանց չկրկնել այդ վարքագիծը, որովհետև դա վատ վարքագիծ է եղել»։




























