Կառավարության դիմաց, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործման հակառակորդները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 2 ամսից ավելի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:
Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:
Բացի այդ, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկել նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:
Իր հերթին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ դեմ է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եզրակացությանը: Նրանք նշել են, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է եւ կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով եւ այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից:











