Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել. օրակարգում միայն մեկ հարց էր՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային օրինագիծը, որով ընտրախախտումների համար պատժի խստացում է նախատեսվում: Քննարկումները բուռն էին, քննադատությունները՝ խիստ ու կտրուկ: Չնայած դրան՝ օրինագիծը միաձայն՝ 66 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց: Երկրորդ ընթերցման քվեարկությունը վաղն է:
ՀՀԿ-ական Գեւորգ Կոստանյանն ասաց՝ իրավական առումով վտանգավոր օրինագիծ է, միաժամանակ բացատրեց, թե ինչու են որոշել չտապալել դրա ընդունումը: Նշենք, որ օրինագծով առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելել ցանկացած բարեգործական գործունեություն: Բացի այդ՝ առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100-ից մինչեւ 400.000 դրամ տուգանքով կամ մինչեւ 3 տարի ազատազրկմամբ:
Կառավարության ուշադրության կենտրոնում երեխա ունենալու ցանկությունը խթանելն է: Գործադիրի այսօրվա նիստում ներկայացված օրինագծի քննարկումն ուրախ մթնոլորտ է ապահովել: Իսկ Մանե Թանդիլյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից հատկացվող միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: Նախարարն ասել է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: Նիկոլ Փաշինյանն էլ Դավիթ Տոնոյանի հայացքում կարդացել է. հատկապես տղա երեխայի ծնունդը:
Վարչապետը նաեւ որոշել է պարզել, թե կառավարության անդամներից ո՞վ արդեն երկու երեխա ունի: Ի վերջո, որոշվել է նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ հաջորդ հինգշաբթի: Դեռ պետք է որոշեն՝ որքան նպաստ հատկացնել զույգ երեխայի դեպքում: Եթե որոշումն ընդունվի, ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1 ից եւ կվերաբերի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո գրանցված ծնունդներին:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում իրեն համարում է ժողովրդի ներկայացուցիչը, եւ որեւէ մեկին թույլ չի տալու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը: Բայց սա չի նշանակում, որ պատրաստ չէ հրաժարվել պաշտոնից: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանն ասել է՝ որ դեպքում կհեռանա:
Սերժ Սարգսյանի զարմուհին ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, մի քանի ամիս հետախուզման մեջ էր եւ օրերս ինքնակամ ներկայացել է ՀՔԾ: Նա որպես մեղադրյալ ներգրավված է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակում: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Լեւոն Սարգսյանն ու որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանին դեռ որոնում են: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողներին ասել է՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, եւ վաղ թե ուշ կհայտնաբերվի:
Գլխավոր դատախազությունը հիմա էլ ուսումնասիրում է Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը: Հոդվածի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանը Երեւանում շուրջ 8 տարի առանձնատուն է կառուցել, իսկ շինարարության թույլտվությունը միայն այս տարվա հունիսին է ստացել: Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից համապատասխան տեղեկատվություն եւ փաստաթղթեր է պահանջել, իսկ ուսումնասիրության արդյունքների մասին խոստացել են հայտնել ավելի ուշ:
«Հետք»-ի մեկ այլ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին հոդվածի հիման վրա էլ օրերս քրեական գործ էր հարուցվել: Գասպարյանի փաստաբանը, սակայն, պնդում է, որ տան նախկին սեփականատերերը պարզապես շահարկում են նախկին ոստիկանապետի անունը:
Ռուսաստանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մեքենայի վրա, որում Հայաստանից գործարարներ են եղել: Ռուսական աղբյուրների համաձայն՝ հարձակումը ծրագրված է եղել: Դրամական միջոցների կանխիկացմամբ զբաղվող հայ գործարարներն Audi-ով խոշոր գումար էին տեղափոխում: Հրաձգության արդյունքում ոչ ոք չի տուժել, մի քանի փամփուշտ դիպել է մեքենայի անիվներին: Անհայտ պատճառներով կրակողները չեն կարողացել գործն ավարտին հասցնել եւ չեն հափշտակել գումարը:
Հայաստանում արեւադարձային մալարիայի բերովի երկու դեպք է գրանցվել: Երկու հիվանդներն էլ բուժում են անցնում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը Նիգերիայից ֆուտբոլիստ է, խաղում է հայկական թիմերից մեկում: Նրա վիճակն արդեն գրեթե բավարար է գնահատվում: Երկրորդ հիվանդը Դիլիջանի միջազգային դպրոցի 18-ամյա ուսանող է. նրա վիճակը բավարար է: Նշենք, որ Հայաստանում այս տարի սա մալարիայի արդեն չորրորդ դեպքն է: Անցյալ տարի էլ արեւադարձային մալարիայի 2 դեպք էր հայտնաբերվել: Այս հիվանդությունը փոխանցվում է միայն մոծակի խայթոցի միջոցով:
Սեպտեմբերի 6-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 9 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:
Սեպտեմբերի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:











