Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու եւ քվեարկելու հարցը:

Հատկանշական է, որ թեեւ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունները, մասնավորապես ՀՀԿ-ն խիստ քննադատության ենթարկեց օրինագծերի փաթեթը, սակայն վերջում կողմ քվեարկեց առաջին ընթերցմամբ: Այն ընդունվել միաձայն, 66 կողմ ձայներով:

Նշենք, որ այս օրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը: Մասնավորապես, քրեականացվում է ոչ միայն ընտրակաշառք տալը, այլեւ ստանալը: Բացի այդ, վերաձեւակերպված են ընտրակաշառքի հոդվածը, բարեգործության արգելքի խախտումը, մի շարք արարքների համար ընտրությունների արդյունքների կեղծումը։

Ընտրությունների արդյունքները կեղծելու պատժաչափը կարող է հասնել մինչեւ ութ տարվա ազատազրկման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման համար սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Նույնչափ ազատազրկում է սպասվում նաեւ լրագրողների, դիտորդների, հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։

Եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագծերը, ապա դրանք արդեն ուժի մեջ կլինեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: