Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը եւ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին:

Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երեւան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել եւ բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:

Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջեւում նաեւ Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, եւ որպեսզի այդ տոնական տրամադրությունը որեւէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն:

Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն խոսվեց Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես եւ ընտրության ժամանակ ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որեւէ դրսեւորում:

Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները: «Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու եւ նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաեւ ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը:

Խորհրդակցությանը քննարկվեց նաեւ, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ: Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները եւս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կոռուպցիոն դրսեւորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոկնկրետ հանձնարարականներ: