«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ Պավլիկ Մանուկյանը նույնպես առաջիկայում ազատության մեջ կլինի:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողները Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հակասություններ կան Պավլիկ Մանուկյանի եւ խմբի մյուս անդամների միջեւ: Հիշեցնենք, որ երբ սկսվեցին ազատ արձակվել խմբի անդամները, Պավլիկ Մանուկյանը դատարանում մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց:

«Մենք ազատ ենք արձակվել, որովհետեւ ժողովուրդն է այդպես ուզել: Պարոն Մանուկյանն ազատ արձակվելու գործընթացի մեջ է, համոզված ենք, որ նրա պաշտպանը միջնորդությունը կներկայացնի եւ հնարավոր է, որ նա ազատ կարձակվի: Իսկ այժմ պարոն Մանուկյանը բանտում է եւ բարոյական իրավունք չունեմ ասելու մի բան, որի վերաբերյալ պետք է տեսակետ հայտնի նաեւ պարոն Մանուկյանը: Երբ նա ազատության մեջ կլինի, այդ ժամանակ կարող ենք սրան անդրադառնալ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ հենց խափանման միջոցների փոփոխման փուլում Պավլիկ Մանուկյանը սկսեց նման հայտարարություններ անել, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Մարտավական ուրիշ մոտեցումներ ունի մեր ընկերը, ըստ այդմ մտածել է, որ այդպես ճիշտ է վարվել, շուտով նա կլինի ազատության մեջ եւ կտա պատասխաններ, թե ինչու այդպես արել»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ են միայն Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: Վերջին երկուսը մեղադրվում են նաեւ ոստիկանների սպանության մեջ: