Իմ ընկերությունները բոլոր նախագահների ու վարչապետների օրոք ստուգել են եւ ես ասել եմ, որ ես չեմ խուսափում, թող առաջինը իմ մոտ ստուգեն, նոր մյուսների մոտ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, որ կան տեղեկություններ, որ դիմակներով ստուգումներ են արվել իր ընկերություններում:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն այսօր կառավարության մաս է կազմում, նա արձագանքեց.
«Դա ինչ կապ ունի, արտոնություն ոչ մեկը չունի, բոլորը հավասար են օրենքի, օրինականության առջեւ: Եթե մենք մաքուր ենք, ինչի՞ց պետք է վախենանք»:
Ծառուկյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում որեւէ թեկնածուի չեն վիրավորելու. «Ամեն մեկն անում է այն, ինչ կարող է: Մարդը պետք է արած գործ ունենա, կյանքի փորձ ունենա: Ծառուկյանը կայացած մարդ է, որտեղ ձեռքը դրեց, կանաչել է: Երեւանցիները ում կցանկանան, թող ընտրեն: Մենք կաշառքով գումար ենք տալու, որ հետո գնանք թալանե՞նք: Մենք ոչ մի բանի կարիք չունենք: Մենք մեր ծրագիրն եք ասելու, կցանկանան, մեզ հետ հույս կկապեն, կկապեն»:











