Շանթ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ.ի նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ են: