Ես չեմ կարող ինձ թույլ տալ քաղաքապետի որեւէ թեկնածուի գնահատական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է իր նախընտրելի քաղաքապետի թեկնածուն:
«Մեկ ցանկություն միայն ունեմ. ով էլ ընտրվի, ավելի լավ աշխատի, քան աշխատում էի ես։ Կուզենամ այն մարդն ընտրվի, ով քաղաքն ավելի լավ կառավարի, կաշխատի ավելի լավ, քան ես։ Սա իմ մարդկային ցանկությունն է, ես այս հարցին վերաբերում եմ ողջամտորեն, մի կողմ եմ դնում իմ քաղաքական ամբիցիան, մի կողմ եմ դնում մարդկային մանրախնդրությունը, չարախնդությունը, ես վեր եմ կանգնում ամեն ինչից»,- ասաց նա։
Կամո Արեյանը հավելեց, որ որեւէ քաղաքական ուժի կողմից հրավեր չի ստացել՝ ավագանու ցուցակի մեջ ընդգրկվելու հետ կապված:











