ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը այսօր՝ սեպտեմբերի 10–ին, խուսափեց պատասխանել «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հարկերը չվճարելու և կեղծ ձեռնարկատիրություն ծավալելու առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցերին։
NEWS.am–ի թղթակիցի հարցին՝ արդյոք ինքը հարցաքննվել է այդ գործի շրջանակում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Զանգեք «Երևան Սիթի», սաղ հարցերին կպատասխանեն»։
Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 30–ին ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ում մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմայի բացահայտման մասին։
«Ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռեւս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») եւ 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:











