Մենք արդեն ունենք խախտումներ, բայց դրանք կվերածվե՞ն այնպիսի խախտումների, որոնք կազդեն ընտրությունների արդյունքի վրա, թե ոչ, արդեն ցույց կտա ընտրության օրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ քարոզարշավի մեկնարկի մամուլի ասուլիսում։
Նա նկատեց, որ նախընտրական խախտումները կարելի էր թույլ չտալ, բայց դրա համար պետք է ազատության մշակույթի կրողը լինել։
Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, որ ընտրական գործընթացի կազմակերպման առումով հետընթաց է արձանագրվել, քանի որ քվերակության օրը տեսախցիկներ տեղադրված չեն լինելու։ Մինչդեռ նախորդ ընտրություններին իրենք հենց տեսախցիկին հետեւելով էին արձանագրել չհրկիզվող պահարնի առեւանգումը։ «Սա նահանջ է»,–ասաց Զարուհի փոստանջյանը։
Անդրադառնալով «Ժառանգության» ղեկավարի հայտարարությանը ընտրակաշառքի բաժանման դեպքի մասին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես չգիտեմ, ունեմ նման տեղեկատվություն, բայց եթե լինի ընտրակաշառքի բաժանում, դա հնարավոր չէ անել անտեսանելի, դրան պետք է իրավապահ մարմինները արձագանքեն, կանչեն հարցաքննության եւ պարզեն՝ ովքեր են»։
«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն արձանագրեց՝ կան հանցագործությունները կանխելու բավականին լայն գործիքներ, բայց կանխելը կախված է քաղաքական կամքից. «Եթե քաղաքական կամք լինի, հնարավոր է կանխել այդ բոլոր խախտումները, որովհետեւ այսօրվա իրավապահները ունեն օպերատիվ տվյալներ»։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երեւան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը NEWS.am–ին ասել էր, որ ընտրակաշառքն առձեռն տալու փոխարեն մի մեխանիզմ է գործելու, ըստ որի, մարդիկ, իբրեւ թե շտաբի աշխատող են գրանցվելու, եւ բավականին մեծ գումար են ստանալու։
Նրա խոսքով՝ արդեն այս մեխանիզմի կիրառման վերաբերյալ ահազանգեր կան. «Որոշ լուրեր են մեզ հասել, որ եթե 5 հոգանոց ընտանիք է, այնպիսի գումար են տալիս, որ այդ 5–ին բավարարի։ Տարբեր մարդկանց տարբեր գումար են առաջարկել»։











