Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երեւան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ Գրիգորի Երիցյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը, իսկ ընկերներիս հորդորում, որ նման որևէ դեպքի ականատես լինելու դեպքում տեղեկացնեն ինձ: Նոր Հայաստանում ընտրակաշառքը տեղ չունի»:
Հիշեցնենք, որ ընտրակաշառք բաժանելու մասին այսօր ահազանգել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ կա լրատվության հոսք, որ ցուցակագրումներ են գնում, տարբեր տեսակի դռնեդուռ արշավներ են իրականցվում մինչեւ Երեւանի ավագանու ընտրական քարոզարշավի մեկնարկը։
Կաշառքների թեմային անդրադարձել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Ընտրակաշառք հասկացողություն չկա: Պետք է լինի գաղափարը, ծրագիրը: Եթե պետք է գումար տաս, որ քո թեկնածուին ընտրի, էլ ինքը ի՞նչ կարա պահանջի»:





























