Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ներկայացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է Սահմանադրական տրիբունալի կազմի արտահերթ թարմացում, հաղորդում է Polsat News-ը։
Նրա մտահղացմամբ՝ նոր կազմի դատավորները կստանան մեկանգամյա մանդատներ՝ երեք, հինգ և ինը տարի ժամկետով։
Քաղաքական գործիչն իր նախաձեռնության մասին հայտարարել է Լեհաստանի տեղական ինքնակառավարման համագումարում։ Նա ասել է, որ առաջարկը մշակվել է փորձագետների հետ խորհրդակցություններից հետո՝ Սահմանադրական տրիբունալի շուրջ լարվածությունը նվազեցնելու և դրա նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով։
«Մենք պատրաստել ենք Լեհաստանի Սահմանադրության փոփոխության նախագիծ»,- հայտարարել է Կոսինյակ-Կամիշը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը նպատակ չունի որոշելու ներկայիս քաղաքական վեճի հաղթողին, այլ կոչված է գտնելու այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա կայունացնել իրավիճակը։
Ըստ առաջարկի՝ Դատական ազգային խորհուրդը պետք է դիմի Ազգային ժողովին, որը կորոշի՝ օգտվե՞լ նախագծով նախատեսված՝ տրիբունալի կազմի թարմացման ընթացակարգից, թե՞ ոչ։ Թեկնածուներ առաջադրող Սեյմի նախագահը պետք է նախապես ստանա նախագահի հավաստումը՝ առաջարկվող կազմին համաձայն լինելու մասին։ Հաստատման համար կպահանջվի Ազգային ժողովի ձայների երեք հինգերորդը՝ 336 պատգամավորի և սենատորի ձայները։
Անցումային շրջանի ավարտից հետո նախատեսվում է վերադառնալ տրիբունալի ձևավորման գործող սահմանադրական կարգին կամ ընդունել այլ մեխանիզմ, եթե դրա համար անհրաժեշտ մեծամասնություն ձևավորվի։
Կոսինյակ-Կամիշը քաղաքական ուժերին կոչ է արել աջակցել նախաձեռնությանը։ Օրինագիծը ներկայացնելու համար անհրաժեշտ է հավաքել 92 ստորագրություն։ Նա ասել է, որ Լեհաստանի ժողովրդական կուսակցությունն արդեն աջակցություն է հայտնել, ինչպես նաև բանակցություններ են անցկացվել Շիմոն Հոլովնյայի շարժման ներկայացուցիչների հետ։ Նախարարը կոչ է արել նախաձեռնությանը միանալ նաև ընդդիմադիր կուսակցություններին, մասնավորապես՝ «Կոնֆեդերացիային» և «Զարգացում Պլյուսին»։
Միաժամանակ Սեյմի նախագահ Վլոդզիմեժ Չաժաստին հայտարարել է, որ տեղեկություն է ստացել Կոսինյակ-Կամիշի ծրագրերի մասին, սակայն ինքը «սահմանադրական վերագործարկման» անհրաժեշտություն չի տեսնում։ Նա նշել է, որ տրիբունալի շուրջ տեղի ունեցողը համարում է աստիճանական վերադարձ բնականոն իրավիճակի։
Կոսինյակ-Կամիշն, ընդհակառակը, պնդում է, որ դատարանի կազմի արտահերթ թարմացումն անհրաժեշտ է կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու և երկարատև իրավական հակամարտությանը վերջ դնելու համար։
Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի շուրջ ճգնաժամը շարունակվում է արդեն մի քանի տարի և կապված է դատավորների նշանակման օրինականության ու դատարանի անկախության վերաբերյալ վեճերի հետ։
Ճգնաժամի նոր փուլը սկսվել է հոկտեմբերի 30-ին, երբ դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան հայտարարել է Սահմանադրական տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարտոշ Սոխանսկու լիազորությունները մեկ ամսով կասեցնելու մասին՝ նրանց մեղադրելով դատարանի աշխատանքը խոչընդոտելու և խորհրդարանի ընտրած դատավորների մուտքը դատարան արգելելու մեջ։ Երկրի նախագահ Կարոլ Նավրոցկին ընդհատել է այցը Սենեգալ և ժամանել տրիբունալի շենքի մոտ՝ տեղի ունեցողն անվանելով պետական մարմնի ուժային զավթում։
Դոնալդ Տուսկի կառավարությունը, ընդհակառակը, հայտարարել է օրինականությունն ու դատական համակարգի անկախությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։




























