Ավստրիացի նախկին միլիարդատեր և Signa խմբի հիմնադիր Ռենե Բենկոն խարդախության համար դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով նախորդ դատավճիռը՝ գործարարի ազատազրկման ընդհանուր ժամկետը կկազմի չորսուկես տարի, հայտնել են Ավստրիայի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Ինսբրուքի դատարանը 49-ամյա Բենկոյին մեղավոր է ճանաչել ավստրիացի արդյունաբերող Հանս Պետեր Հազելշտայների մասնավոր հիմնադրամից խաբեությամբ 5 միլիոն եվրո ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2023 թվականի նոյեմբերին գործարարին գումար էր անհրաժեշտ՝ Signa կայսրության մաս կազմող Sportscheck մարզական ապրանքների մանրածախ առևտրային ընկերությանն աջակցելու համար։

Քննության պնդմամբ՝ Բենկոն հիմնադրամին միջոցների վերադարձի կեղծ երաշխիք էր տրամադրել, թեև ի սկզբանե մտադիր չէր վերադարձնել գումարը։ Հիմնադրամը փոխանցել էր անհրաժեշտ գումարը՝ ապավինելով այդ երաշխիքին։

Միաժամանակ երկրորդ մեղադրանքով՝ պարտատերերից 80 հազար եվրո արժողությամբ որսորդական հրացանը թաքցնելու համար, գործարարն արդարացվել է։ Բենկոն հերքել է երկու մեղադրանքներն էլ։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։

Սեպտեմբերին դատարանն արդեն գործարարին դատապարտել էր երկուսուկես տարվա ազատազրկման՝ պարտատերերին վնաս պատճառելու համար։ Այն ժամանակ դատարանը պարզել էր, որ իր բիզնես կայսրության ֆինանսական ծանր վիճակի պայմաններում Բենկոն անշարժ գույքի վարձակալության դիմաց կանխավ վճարել էր 360 հազար եվրո՝ այդպիսով նվազեցնելով պարտատերերին հասանելի ակտիվները։

Signa-ի փլուզման հանգամանքների քննությունը շարունակվում է Ավստրիայում և այլ երկրներում։ Անշարժ գույքի և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն ծավալող Բենկոյի խումբը բախվել էր լայնածավալ ֆինանսական խնդիրների, որոնք հանգեցրել էին դրա փլուզմանը։