ԱՄՆ Ինդիանա նահանգում հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին, մահապատժի են ենթարկել 50-ամյա Ջեֆրի Վայսհայթին, որը խոստովանել էր իր ընկերուհու երկու երեխաների սպանությունը։ Սա այդ օրը ԱՄՆ-ում նախատեսված երեք մահապատիժներից առաջինն է, հաղորդում է CBS News-ը։

Վայսհայթին մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով՝ Միչիգան Սիթի քաղաքում գտնվող Ինդիանա նահանգի բանտում։ Դեղամիջոցը նրան սկսել են ներարկել կեսգիշերից քիչ անց, իսկ տեղական ժամանակով 00։45-ին արձանագրել են նրա մահը, հայտնել է նահանգի ուղղիչ հիմնարկների վարչության ներկայացուցիչ Նոել Ռասելը։ Նա ասել է, որ դատապարտյալի վերջին կերակուրը խորովածի սոուսով կողիկներն էին։ Վերջին խոսք նա չի ասել։

2010 թվականին Վայսհայթը հրկիզել էր Էվանսվիլ քաղաքի մերձակայքում գտնվող իր ընկերուհու տունը։ Հրդեհի հետևանքով զոհվել էին նրա երեխաները՝ ութամյա Ալիսա Լինչը և նրա հնգամյա եղբայր Քալեբը։

Պաշտպանական կողմը Ինդիանայի նահանգապետ Մայք Բրաունին խնդրել էր թույլատրել դատապարտյալի գլխուղեղի սկանավորում անցկացնել՝ հաստատելու համաիր գլխի նախկին վնասվածքների և հոգեկան առողջության խնդիրների մասին տեղեկությունները։ Փաստաբանները միաժամանակ պահանջում էին մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ, սակայն նահանգապետը մերժել էր երկու խնդրանքն էլ։

Մահապատժից հետո Բրաունը հայտարարել է, որ գործը բազմիցս քննվել է նահանգային և դաշնային դատարաններում, սակայն վերանայումներից ոչ մեկը չի հանգեցրել դատավճռի բեկանմանը։ Ինդիանայի գլխավոր դատախազ Թոդ Ռոքիթան մահապատիժն անվանել է «երկար սպասված արդարադատություն» զոհված երեխաների համար։

Նույն օրը մահապատիժներ էին նախատեսված նաև Ֆլորիդայում և Ալաբամայում։ Եթե բոլոր երեք դատավճիռներն էլ ի կատար ածվեն, դա կդառնա 2026 թվականին երկրորդ դեպքը, երբ ԱՄՆ-ում մեկ օրում երեք մարդու մահապատժի են ենթարկում։

Ֆլորիդայում պետք է մահապատժի ենթարկեն Ջեսի Գուարդադոյին, որը դատապարտվել է 2004 թվականին 75-ամյա կնոջ սպանության համար, իսկ Ալաբամայում՝ Մայքլ Թեյլորին, որը 35 տարի առաջ կողոպուտի ժամանակ ծեծելով սպանել էր տարեց ամուսիններին։

Մահապատժի հակառակորդները Ալաբամայի նահանգապետին կոչ էին անում Թեյլորի պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ նշելով, որ հանցագործության պահին նա 19 տարեկան էր։