Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ տեղյակ չի եղել մինչև տարեվերջ երկրին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու ծրագրերի վերաբերյալ, որոնց մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Times of Israel-ը։

Հերցոգը խոստովանել է, որ հայտարարությունն իր համար լիովին անսպասելի էր։

«Ամերիկյան օգնության հարցն ինձ չափազանց անհանգստացնում է։ Չափազանց»,- ասել է Իսրայելի նախագահը Երուսաղեմի իր նստավայրում «Յաշար» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Հերցոգը հավելել է, որ լուրն իրեն անակնկալի է բերել, քանի որ Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ռազմական օգնության տրամադրման գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Իսրայելի նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ սերտ հարաբերությունների պահպանումը մնում է իր երկրի առանցքային առաջնահերթություններից մեկը։

Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է կառավարություն ձևավորել և խուսափել նոր արտահերթ ընտրությունների անցկացումից։

Ամերիկացի պաշտոնյաները ևս ակնարկել են, որ Թրամփի հայտարարությունն իրենց համար անսպասելի էր։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր տասը տարվա ընթացքում ամերիկյան ռազմական օգնությունից աստիճանաբար հրաժարվելու մտադրության մասին։ Սակայն Թրամփի հնչեցրած կոնկրետ ժամկետներն, ըստ երևույթին, համաձայնեցված չէին Իսրայելի ղեկավարության բոլոր ներկայացուցիչների հետ։