Երեւանում սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը նույնպես լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ քարոզարշավի մեկնարկի մամուլի ասուլիսում։ 

Նա նկատել է, որ արդեն ունենք փաստ եւ իրականություն, որ կառուցվել են շինություններ կառուցապատման համար ոչ պիտանի վայրում կամ կանաչ տարածքում։

«Մի կողմից գործում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը, մյուս կողմից ունենք քաղաքացիներ, ում սեփականության իրավունքը ոտնահարել են եւ զավթել իրենց հողակտորը։ Այս երկուսն էլ շատ կարեւոր են, որ այն անձինք, ովքեր ունեն սեփականություն, այդ սեփականության իրավունքը հարգվի, իսկ նրանք, ում իրավունքը խախտվել է, նրանց իրավունքը վերականգնվի»,– ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր ծիրանի» քաղաքապետի թեկնածուն նշեց. «Մենք հիմա մտել ենք մի շրջափուլ, երբ տեսնում ենք քրեական հետապնդումներ՝ մարդու իրավունքների խախտումներով։ Մենք այստեղ պետք է շատ զգայուն լինենք, քանի որ արդեն իսկ ՀՀ քաղաքացիները եւ փաստաբանները ունեն բավականին լուրջ փորձ դիմելու ՄԻԵԴ»։

Նա կարեւորեց, որ ցանակացած հետապնդում, ոբ տեղի է ունենում ՀՀ անունից, լինի խոշորացույցի տակ եւ բացարձակ իրավունքի գերակայության շրջանակում, որպեսզի որեւիցե մեկը, դիմելով ՄԻԵԴ, նորից ՀՀ–ին չկարողանա մեղադրել։

«Այստեղ էլ շատ լուրջ գործունեություն մենք պետք է իրականացնենք, չներկայացնենք թերի կամ շինծու մեղադրանքներ եւ այս գործընթացը պետք է լինի բացարձակ իրավունքի գերակայության ներքո»,–ասաց Զարուհի Փոստանջյանը։