Ես երկար տարիներ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտի հետ աշխատել եմ եւ հարգում եմ նրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։
Նրա հրաժարվեց պարզաբանել՝ կկանգնի՞ Քոչարյանի կողքին, երբ վերջինս վերադառնա քաղաքականություն․ «Ճիշտն ասած, հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, տեղին չէ հարցը, «եթե»-ներով էլ չեմ խոսում»։
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, Ղուկասյանը արձագանքեց․ «Շատ լավ է անում, դա ինքը գիտի, ինքը ասել է։ Ես իր հետ երկար տարիներ աշխատել եմ, եւ որ Ռոբերտ Քոչարյանն աղետի գոտին վերականգնել է, դա փաստ է»։
Հարցին, թե ինչի՞ համար է հարգում Քոչարյանին, նա շեշտեց՝ «որ պատերազմին մասնակցել է, երկիրը կառուցել է, արտագաղթ չկար, ներգաղթ կար, հետո գիտեք ինչ՝ ես ամեն ինչ ուրանալու բնավորություն չունեմ, ինչ հստակ տեսել եմ, դա ասում եմ»։
Իսկ Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի գործերի մասին պատգամավորը հորդորեց փաստերով խոսել, չփաթաթել այդ գործերը ինչ-որ մեկին․ «Երբ որ մեկին բերում ու փաթաթում եք Մարտի 1, Հոկտեմբերի 27, փաստերով խոսեք։ Կա՞ հստակ փաստեր։ Եթե փաստեր լինեն, միանշանակ չենք ընդունի այդպիսի մարդուն։ Քննչական մարմինները թող աշխատեն, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-եզրափակեց նա։











