Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան՝ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության ու խոսքի ազատության վրա հիմնված պետություն, այլ ամեն կերպ սպառնում եւ սպանում են թե՛ խոսքի ազատությունը, թե՛ մարդու իրավունքները, թե՛ ժողովրդավարությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստին ելույթի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովը։

«Դրա վառ ապացույցն օգոստոսի 17-ի հանրահավաքն էր, որտեղ իշխանության ղեկավար Փաշինյանը մի ամբողջ սպառնալիքների ու շանտաժի ալիք բարձրացրեց ընդդեմ իր ընդդիմախոսների, ինչու ոչ նաեւ պատգամավորների, դատարանների եւ անկախ փորձագետների, ովքեր հանդգնել էին կարծիք արտահայտել, որը մերօրյա միապետի կարծիքին համահունչ չէր։ Եթե միջնադարում ասում էին «պետությունը ես եմ», ապա այսօրվա իշխանությունն ավելի հեռուն գնաց եւ ասում է՝ «պետությունն իմն է»»,-նշեց նա։

Շարմազանովը շեշտեց՝ իշխանության համար կարեւորը արդյունավետությունն է․ «Ակնհայտ է՝ երբ իշխանությունը նեղն է ընկնում եւ նյարդային է դառնում, աջ ու ձախ սպառնում է՝ օգնություն խնդրելով ԱԱԾ-ից։ Ասել եւ ասում եմ՝ իշխանության համար կարեւորը բարձր խոսելը չէ, այլ արդյունավետությունը։ Հարց եմ տալիս՝ ո՞ւր է ձեր խոստացած թռիչքային զարգացումը, ո՞ւր են նոր աշխատատեղերը,  ո՞ւր են նոր ներդնողները, ո՞ւր է աղքատության նվազումը, ո՞ւր է գների անկումը, ոչ մի բան չկա, զրո արդյունք»։

Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ վարչապետը ցանկանում է ցրել լեգիտիմ խորհրդարանը․ «Բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավար Փաշինյանը իր աթոռը պահելու համար պատարաստ է գնալ սահմանադրական փոփոխությունների կամ ինքնալուծարել այս խորհրդարանը։ Այն խորհրդարանը, որը 2017 թ․ապրիլի 2-ին ստացել է ՀՀ քաղաքացիների լեգալությունը եւ օրինական ձեւով ընտրվել է»։

Շարմազանովը հիշեցրեց՝ ոչ թե ԱԺ-ն է հաշվետու կառավարությանը, այլ՝ հակառակը․ «Ուզում եմ նշել, որ բոլոր հարցերում միայն ու միայն պետք է առաջնորդվել սահմանադրությամբ։ Իսկ ըստ Մայր օրենքի՝ ոչ թե մենք՝ պատգամավորներս ենք հաշվետու Փաշինյանին ու նրա կառավարությանը, այլ կառավարությունն ու վարչապետ Փաշինյանն են հաշվետու ԱԺ-ին»։

Իր ելույթում նա անդրադարձավ նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը․ «Բազմաթից առիթներով նշել եմ իմ մտահոգությունները զանգովի արդարադատության, քաղաքական պատվերի եւ հնարավոր վենդետայի վերաբերյալ։ Այսօր համացանցում հրապարակվեց սենսացիոն ձայնագրություն։ Մտահոգիչ է, իհարկե, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրվում  եւ գաղտնալսվում է, եւ ես կարծում եմ, որ այո՛, այստեղ մենք պետք է պարզենք, թե ինչպես է դա հայտնվել, բայց կրկնակի, եռակի, հազարապատիկ մտահոգիչ եւ խայտառակություն է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի խոսակցության բովանդակությունը»։

ԱԺ փոխնախագահը կասկածի տակ դրեց Փաշինյանի հայտարարությունները, թե գործադիրն այլեւս չի միջամտում դատական իշխանության գործերին․ «Բա Փաշինյանն ասում էր ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների համակարգին, սակայն տեսնում ենք, որ, ըստ այդ ձայնագրության, դատավորը զանգում է ԱԱԾ պետին, ԱԱԾ պետն էլ ասում է դուխով, հետո շարունակում է՝ ուզես-չուզես պետք է կալանք տաս։ Ըստ ո՞ր օրենքի ԱԱԾ պետը իրավունք ունի զանգել դատավորին՝ ասել՝ դուխով, ուզես-չուզես պետք է կալանք տաս»։

Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ այդ ձայնագրությունը մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքին․ «ՀՔԾ պետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ԱԱԾ պետին հարցնում է՝ չփակե՞նք, քննարկեք հարցը վարչապետի հետ, ես ասել եմ վարչապետին: Հարց՝ ի՞նչ կապ ունի վարչապետը, բա ասում էր՝ ես կապ չունեմ, ոչ մի զանգովի արդարադատության չկա: Նույնիսկ ձայնագրության մեջ պահ կա, որտեղ նշվում է, որ վարչապետն ասում է՝ փակեք: Սա ուղղակի խայտառակություն է, մարտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքին: Թող որեւէ մեկը չփորձի մարտի մեկի հետ կապված ուշադրություն շեղել, ասել եւ ասում եմ՝ մարտի մեկը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել եւ ում չփակել: Դրա համար կան համապատասխան մարմիններ եւ օրենք»:

Նա իր ելույթի վերջում կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքացիներին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ այս խայտառակությանը: